
200 դիտում
Ապահովել երեխային բավարար հեղուկ, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ուշադիր լինել երեխայի ինքնազգացողության ցանկացած փոփոխության նկատմամբ. ամռան շոգին լավագույն պաշտպանությունն է:
Այս առաջնային խորհուրդն է ծնողներին փոխանցում մեր համալիրի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության կլինիկայի ղեկավար Լիանա Նազարյանը:
Փորձառու մանկաբույժն ընդգծում է`
Խուսափեք երեխային արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց, հատկապես ժամը 11:00–17:00։
Հաճախ առաջարկեք ջուր՝ նույնիսկ եթե երեխան ծարավ չի զգում։
Հագցրեք թեթև, բաց գույնի, բամբակյա հագուստ և գլխարկ։
Օգտագործեք արևապաշտպան միջոցներ (SPF 30+), իսկ փոքր երեխաներին հնարավորինս պահեք ստվերում։
Խուսափեք ակտիվ խաղերից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ամենաշոգ ժամերին։
Պահպանեք սննդի և ձեռքերի հիգիենան, օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր և ճիշտ պահպանված սննդամթերք։
Ընտրեք թեթև սնունդ, շատ միրգ և բանջարեղեն, խուսափեք ծանր ու յուղոտ կերակուրներից։
Ուշադիր եղեք միջատների խայթոցներից, անհրաժեշտության դեպքում կիրառեք տարիքին համապատասխան պաշտպանիչ միջոցներ։
Ուշադիր եղեք, եթե երեխայի մոտ հայտնվում են.
* բարձր ջերմություն, արտահայտված թուլություն կամ քնկոտություն,
* ցան կամ մաշկի արտահայտված կարմրություն,
* հաճախակի փորլուծություն կամ փսխում,
* ուժեղ ծարավ, չոր շուրթեր, միզարձակման նվազում (ջրազրկման նշաններ),
* գլխացավ, գլխապտույտ, գիտակցության խանգարում կամ ցնցումներ,
* միջատի խայթոցից հետո արտահայտված այտուց, շնչառության դժվարացում կամ ալերգիկ ռեակցիայի նշաններ։
Այս ախտանիշների դեպքում դիմեք բժշկի, իսկ ծանր կամ արագ զարգացող դեպքերում՝ անհապաղ շտապ բժշկական օգնության։